Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է միջուկային գործարքով Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, որը նախատեսում է Իրանի կողմից ուրանի հարստացման համար ցենտրիֆուգերի մշակման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքի վերսկսում:
Թեհրանը հավաստիացնում է, որ նախատեսվող գործողությունները կրելու են խաղաղ բնույթ և իրականացվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո:
Իրանն արդեն կրճատել է գործարքով իր պարտավորությունները կապված հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների, ուրանի հարստացման թույլատրելի սահմանի հետ: Իրանական կողմը հայտարարում է, որ պարտաստ է վերադառնալ միջուկային գործարքով իր պարտավորությունների լիարժեք կատարմանը, եթե գործարքի մյուս կողմերը դադարեն խախտել այն: Հարկ է նշել, որ այս հարցում Իրանի ակնկալիքները կապված են բացառապես եվրոպական երկրների հետ, որոնք ամերիկյան պատժամիջոցների պատճառով հրաժարվում են Իրանի հետ տնտեսական համագործակցությունից:
«Ամեն դեպքում մենք ևս երկու ամիս ենք տալիս «4 + 1»-ի երկրներին (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա): Եթե կարողանանք համաձայնության հասնել, այն ժամանակ հնարավոր է, վերադառնանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին», - նախօրեին ընդգծել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Եվրոպական երկրները՝ մասնավորապես Ֆրանսիան, դիվանագիտական լուրջ ջանքեր է գործադրում միջուկային գործարքը փրկելու ուղղությամբ, սակայն դրանք դեռևս հաջողությամբ չեն պսակվում: Սեպտեմբերի 4-ին Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ եթե երկիրը 4 ամսվա ընթացքում 15 մլրդ դոլար վարկ ստանա, ապա Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման առաջարկով հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ինչն աջակցություն էր ստացել եվրոպացի դիվանագետների կողմից: Նշվում էր նաև, որ քննարկվում է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու հնարավորությունը: Սակայն ավելի ուշ սեպտեմբերի 4-ին իրանական պետական PressTV-ն հայտնեց, որ Իրանը հրաժարվել է ընդունել Եվրոպայի կողմից 15 մլրդ դոլարի վարկը՝ առանց որևէ այլ մանրամասներ ներկայացնելու:
Իրականում, վարկի տրամադրումը հնարավորություն չի տալիս Իրանին արտաքին տնտեսական ազատ գործունեություն ծավալել, ինչն այսօր Իրանի տնտեսական ոլորտում խնդիրների հիմնական պատճառն է: Իսկ այս հարցում, հավանականությունը, որ եվրոպական երկրները կարող են շահավետ առաջարկ անել Իրանին, փոքր է: Մակրոնի ջանքերը Միացյալ Նահանգներին համոզելու որոշակի զիջումների գնալու Իրանի հարցում, հաջողությամբ չեն պսակվում:
Միացյալ Նահանգներն սեպտեմբերի 4-ին հակաիրանական նոր պատժամիջոցներ են սահմանել, ինչպես նաև 15 մլն դոլար պարգևավճար նշանակել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսական համակարգը փուլուզելուն օգնող տեղեկատվության համար: