Պերուի, Էկվադորի, Բրազիլիայի, Բոլիվիայի և Սուրինամի ղեկավարները Ամազոնիայի երկրների գագաթաժողովի արդյունքներով ստորագրել են «Լետիցիայի պակտը»՝ վերջնական փաստաթուղթ, որով որոշվում է ամազոնյան անտառների պաշտպանության գործում տարածաշրջանի պետությունների փոխգործակցության ապագան, հաղորդում է РИА Новости-ն:
«Լետիցիայի պակտը ենթադրում է Ամազոնիայի երկրների փոխգործակցություն անտառահատումների պատճառների հակազդման գործում, այդ թվում՝ հանածոների ապօրինի արդյունահանում, թմրավաճառք, գյուղատնտեսական հողերի տարածքների անօրինական մեծացում»,- Twitter-ում հայտնել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:
Դուկեի խոսքով՝ գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են նաև գիտական և տեխնիկական ոլորտներում մշտական համագործակցության, համատեղ գործողությունների համար ինֆորմացիայի փոխանակման շուրջ:
Գագաթաժողով անցկացնելու համար պատճառ են հանդիսացել այս տարի ամազոնյան անտառներում ուժգին հրդեհները, որոնք տարածքով գրեթե 2 անգամ գերազանցել են 2018 թվականի հրդեհները: Դրանք շարունակվում են արդեն մոտ մեկ ամիս և միջազգային հանրության շրջանում մեծ արձագանք են առաջացրել: