Շատ բաց և թափանցիկ նախընտրական արշավ է եղել բոլոր թեկնածուների կողմից և մեր ընտրողներն էլ հնարավորություն են ունեցել առանձնացնել նախընտրելի թեկնածուներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում իր ընտրությունը կատարելուց հետո ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հայտնում է Tert.am-ը:
Նա նկատել է, որ առաջիկա տարիներին շատ ավելի մեծ պահանջներ են լինելու և այս ընտրություններով ընտրված թեկնածուներից շատ ավելի մեծ սպասումներ են լինելու:
«Ամեն ընտրություն Արցախի Հանրապետության համար լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին` իր պետականության հասունությունը, ժողովրդավարության մակարդակը ցուցանելի դարձնելի համար»,-ասել է Աշոտ Ղուլյանը:
Ըստ նրա՝ այս ընտրություններին ակնհայտ մրցակցություն կա համայնքի ղեկավարների պաշտոնների համար: «Այն հանգամանքը, որ շատ համայնքներում մեկից ավելի թեկնածուներ են, խոսում է մրցակցային ընտրությունների մասին, բայց այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է և կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքում մենք կունենանք նաև հարցեր, որոնք հետագայում կլինեն մեր ուշադրության ներքո»,-ասել է նա: