Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է վրացական պետության ղեկավարի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան:
«Նախագահը Գախարիայի նշանակման մասին հրամանագիրն ստորագրել է արդեն այսօր: Պաշտոնական մասն, այդպիսով, ավարտված է»,-ասել է Շենգելիան:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն է հայտնել նոր կառավարությանը՝ Գախարիայի գլխավորությամբ, ինչից հետո, երկրի Սահմանադրության համաձայն, նախագահը երկու օրվա ընթացքում պետք է հրամանագիր ստորագրեր վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին:
Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքի տվյալներով՝ Գախարիան արդեն ձեռնամուխ է վարչապետի իր աշխատանքին և ժամանել է այն շենքը, որտեղ գտնվում է կառավարության աշխատակազմը և նրա աշխատասենյակը: