Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է ամեն ինչ անել ԵՄ-ի հետ համաձայնագրի հասնելու համար և հերթական անգամ հայտարարել է, որ իր կառավարությունը Եվրամիությանը չի խնդրի Brexit-ը ավելի ուշ ժամկետ տեղափոխելու մասին, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես հոկտեմբերի 17-ին կմասնակցեմ (Եվրոպական խորհրդի) գագաթաժողովին և ամեն ինչ կանեմ հանուն ազգային շահերի համաձայնագրի հասնելու համար… Բայց այս կառավարությունը չի երկարաձգի Brexit-ի ժամկետը»,- հայտարարել է Ջոնսոնը, ով սեպտեմբերի 10-ին հերթական պարտությունը կրեց խորհրդարանական գործընկերներից: Արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկն աջակցել էր 293 խորհրդարանական, երբ ընդունվելու համար անհրաժեշտ էր 434 ձայն:
Այս պահին Brexit-ի շուրջ իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին ներկայիս տեսքով, բայց նաև կտրականապես դեմ է տրամադրված առանց համաձայնագրի Brexit-ին: Եվրամիությունը հրաժարվում է վերսկսել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: