Ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների հետ կապված խնդրից, հայտնում է «Panorama.am»-ը։
«Մի քանի օր առաջ Դուք հայտարարություն արեցիք ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում վարորդական իրավունքների հետ կապված։ Ձեր հայտարարությունից անմիջապես հետո ռուսական կողմից եղավ արձագանք և պարոն Զատուլինն ընդունեց, որ կա խտրական վերաբերմունք։ Ինձ հետաքրքիր է՝ դրանից հետո որևէ խոսակցություն եղե՞լ է և ինչ փուլում է գտնվում հիմա այս խնդիրը, սա չափազանց զգայուն հարց է դրաձել մեր քաղաքացիների համար»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Երեկ Մոսկվայում ԵԱՏՄ խորհրդի նիստն էր, որտեղ օրակարգում կրկին այդ հարցն էր։ Հարցը երկու ուղղությամբ է քննարկվում՝ բազմակողմ և երկկողմ։ Բազմակողմ, քանի որ համապատասխան պայմանագիրը ԵԱՏՄ մասին չի նախատեսում այդպիսի սահմանափակում, երկկողմ, քանի որ այս սահմանափակումն իրականացվել է համապատասխան ռուսական օրենքով, և այդ օրենքն այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը։ Այդ ուղղաթյամբ աշխատանքը շարունակվում է և մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»։