Թուրքիան և Միացյալ Նահանգները թեև Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ արդեն կոնկրետ գործողություններ են իրականացնում, կողմերն ակնհայտորեն չեն կարողանում հաղթահարել առկա տարաձայնությունները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Միացյալ Նահանգներին մեղադրել է անվտանգության գոտու ստեղծման բանակցությունները ձգձգելու մեջ: «ԱՄՆ-ի հետ բանակցությունները սկսելուց հետո արվել է առաջին քայլը՝ (անվտանգության գոտու) համակարգող կենտրոնի ստեղծումը... Բայց և միաժամանակ մենք մեր նախազգուշացումն ենք հայտնել, որպեսզի դա չվերածվի երկրորդ Մանբիջի (որտեղ ԱՄՆ-ը չի կատարել Անկարայի առջև իր պարտավորությունները քրդական կազմավարումները դուրս բերելու վերաբերյալ)։ Որովհետև ԱՄՆ-ը պայմանավորվածությունների պատճառով, որոնք ունի ահաբեկիչների հետ, խոսքը չի պահում»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ վարքագիծը չի բավարարում Անկարային» և եթե ԱՄՆ հետ համագործակցությունն արդյունք չտա, իրենք կմտնեն այդ գոտի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել ահաբեկչական կազմակերպության (Թուրքիան Սիրիայի քրդական խմբավորումներին համարում է ահաբեկչական), և ոչ թե Սիրիայի համար:
Թուրքիան սպառնում է Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսել արդեն բավականին երկար ժամանակ: Միացյալ Նահանգներն այս ընթացքում ամեն կերպ փորձում է կանխել Սիրիայում իր գլխավոր դաշնակիցների՝ քրդերի դեմ թուրքական գործողությունը՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության համատեղ գոտի ստեղծելու ծրագրով:
Ու թեև սեպտեմբերի 8-ի առավոտյան Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերն իրականացրել են Սիրիայի շրջանների առաջին ցամաքային պարեկությունը Եփրատ գետից արևելք, որտեղ նախատեսվում է ստեղծել այդ գոտին, կողմերի հայտարարություններից և գործողություններից պարզ է դառնում, որ կողմերն այս հարցում միանգամայն այլ նպատակներ ունեն:
Արդյունքում թուրքական հերթական ռազմական գործողությունն ու դրա արդյունքում քրդական ուժերի պարտությունն անխուսափելի է դառնում: Միացյալ Նահանգները դժվար թե քրդերի համար ռազմական ուղիղ առճակատման մեջ մտնի ՆԱՏՕ իր դաշնակցի հետ, իսկ Թուրքիայի գլխավոր խնդիրն այսօր Սիրիայում, առաջին հերթին, քրդերի նկատմամբ հաշվեհարդարն է:
Սիրիայի քրդերի համար ստեղծված իրավիճակում որոշակի լուծում կարող է դառնալ Սիրիայի կառավարության և Ռուսաստանի հետ համագործակցությունը: