Առնվազն 10 մարդ է հավակնում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Դոնալդ Թրամփի վարչակազմում օգնականի հավակնորդների թվում հեռուստաընկերությունն առաջին հերթին նշում է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքին: Նրան մրցակցություն կարող է կազմել ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիքի Ուոդելը, որն ավելի վաղ մեկ տարի աշխատել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հերբերտ Մակմասթերի տեղակալ: Հիմնական հավակնորդների եռյակում CNN-ը ներառել է նաև Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որի թեկնածությունն ավելի վաղ Սպիտակ տանը քննարկվել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Միացյալ Նահանգների ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին հավակնում են նաև ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական Ռոբ Բլերը, Գերմանայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ-ի դեսպան Փիթ Հուքստրան, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդական Քիթ Քելոգը, ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը, պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը, ինչպես նաև Բոլթոնին օրոք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիտցը: