Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են և՛ դիտորդի, և՛ գործընկերոջ չափանիշները, Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։ Այս մասին հայտնում է «Այսօր»-ը:
«Դիտորդի կարգավիճակին հավակնող երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ անդամ բոլոր երկրների հետ։ Մենք հետևել ենք բոլոր մեկնաբանություններին և հնչած տարբեր դիրքորոշումներին, բայց հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», - ասել է Աննա Նաղդալյանը։
Հարցին, թե այդ հայտարարությունը չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին, Նաղդալյանն արձագանքել է, թե կան հստակ չափանիշներ, որոնց պետք է բավարարել։