Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստը մեկնաբանելով՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտարարել է որ «այն փաստը, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին, բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության և ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա»:
Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն, անշուշտ, խնդիր է և՛ մեր, և՛ ռազմաքաղաքական ողջ կառույցի համար, և Հայաստանի իշխանություններն դա միշտ բարձրաձայնել են: Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից ՀԱՊԿ հեղինակության վերաբերյալ մտահոգությունների բարձրաձայնումն, առնվազն, համոզիչ չի հնչում:
Վերջին շրջանում ամենալուրջ հարվածը կառույցի հեղինակությանը հասցրեց հենց Հայաստանը՝ քրեական գործ հարուցելով կառույցի գլխավոր քարտուղարի նկատմամբ և անակնկալ կերպով նրան հետ կանչելով: Դրանից հետո, դժվար թե, ՀԱՊԿ մյուս գործընկերները մտածեն, որ Հայաստանն այնքան է մտածում կառույցի հեղինակության մասին, որ իրենց էլ «ամոթանք տալու» հիմքեր ունի:
Խնդիրը բարձրաձայնելու և այն լուծելու այլ ուղիներ և փաստարկներ են անհրաժեշտ: Ընդհանրապես, բազմիցս համոզվել ենք, որ ՀԱՊԿ մեր գործընկերների վրա Ադրբեջանի իշխանությունները բավականին լավ համագործակցում են և ՀԱՊԿ անդամ չլինելով հանդերձ բավականին արդյունավետ պաշտպանում են իրենց շահերը կառույցի ներսում: Սա չի կարող մեզ չանհագնստացնել: Ուստի, պետք է հենց այդ ուղղությամբ աշխատենք, մեր կշիռը մեծացնենք կառույցում:
Այսօր աստիճանաբար նոր իրավական հիմքեր են ստեղծվում աստիճանաբար Ադրբեջանին դեպի կառույց ներքաշելու ուղղությամբ, և այստեղ Հայաստանից լրացուցիչ աչալրջություն կպահանջվի՝ անկախ նրանից, թե Կանոնադրության մեջ ինչ է գրված: Մեր գերակայությունը պետք է լինի գործընկերների հետ հարաբերությունները խորացնելը, մեր հանդեպ հարգանքն ու վստահությունը մեծացնելը, ոչ թե եղածն էլ փոշիացնելը: