Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հանրավորության մասին քննարկումներին, հղում էր կատարել ՀԱՊԿ կանոնադրությամբ ամրագրված չափանիշներին, որոնց պետք է բավարարի այդ կարգավիճակներին հավակնող երկիրը: Խոսքը, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալու և միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանն աջակցելու պարտադիր պահանջի մասին է:
Հետաքրքրիր է, որ Ազգային ժողովում այս չափանիշները հաստատող օրենքի նախագիծը քննարկելիս, որն, ի դեպ, ընդունվեց սեպտեմբերի 11-ին, ՀԱՊԿ-ում Ադրբեջանին որևէ կարգավիճակ տրամադրելու հնարավորության վերաբերյալ մտահոգություններն ԱԳ փոխնախարարը և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ցրում էին՝ հղվելով գլխավորապես ՀԱՊԿ-ում որոշումները կոնսենսուսով ընդունելու սկզբունքի վրա՝ նշելով, որ Հայատանը ոչ մի դեպքում կողմ չի քվեարկի Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելուն:
Ուստի, հարց է առաջանում, եթե մենք վստահ ենք, որ այդ չափանիշները բացառում են ՀԱՊԿ-ում ներգրավածություն ունենալու Ադրբեջանի հնարավորությունները և հարցը կոնսենսուս չապահովելուն չի հասնի, ինչո՞ւ դրանք որպես փաստարկ չէին բերվում Ազգային ժողովում քննարկումների ժամանակ, և ինչո՞ւ որոշ պատգամավորների մոտ, որոնք ենթադրվում է, որ պետք է ծանոթ լինեին այդ չափանիշներն ամրագրող փաստաթղթին, այնուամենայնիվ մտահոգություններ կային այդ հարցի հետ կապված:
Այս հարցերին գումարվում են նաև ՀԱՊԿ ղեկավարության և ՌԴ փոխվարչապետի հայտարարությունները, որ կառույցը չի փակում համագործակցության դռները ոչ մի երկրի՝ այդ թվում Ադրբեջանի առջև: Հասկանում ենք չէ՞, որ նրանք ևս չեն կարող կարգավիճակի մասին փաստաթղթին և դրանում ամրագրված պահանջներին ծանոթ չլինել:
Տպավորություն է, որ և՛ կառույցի ղեկավարությունը, և՛ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ այդ պահանջներն ինչ-որ փուլից կարող են խոչընդոտ չլինել Ադրբեջանի կարգավիճակ ստանալու համար, ուստի այս հարցում հիմնական շեշտադրումն արվում է դեմ քվեարկելով Ադրբեջանի ներգրավվածությունը բացառելու վրա: Դժվար չէ կռահել, թե նման սցենարն ինչպիսի ազդեցություն կունենա մեր անվտանգային համակարգի համար չափազանց կարևոր այս կառույցում մեր դիրքերի և հեղինակության վրա: