ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որևէ նախապայմանի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՄՆ-ի ղեկավարը տեղադրել է Twitter-ի իր էջում: «Ստախոս ԶԼՄ-ներն ասում են, որ ես պատրաստ եմ Իրանի հետ հանդիպել «առանց նախապայմանների»: Դա սխալ պնդում է (ինչպես միշտ),- հայտարարել է նա:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը հնարավոր էր համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում:
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռուհանիի հանդիպումն առայժմ բացառված չէ, չնայած անօդաչուների կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների ռմբակոծման հետ կապված միջադեպին: