Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուզում է խուսափել Իրանի հետ կոնֆլիկտից: Այդ մասին Թրամփը հայտարարել է Բահրեյնի ժառանգորդ արքայազնի հետ հանդիպմանը: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտնել է, որ ամենայն հավանականության Թեհրանը կրում է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
"Մենք դա այս պահին դիտարկում ենք",- նշել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ համարում է արդյոք ԱՄՆ Իրանին մեղավոր հարձակումների համար: "Հենց իմանանք, տեղյակ կպահենք: Միացյալ Նահանգները ոչ մեկի հետ պատերազմ չի ուզում: Մենք ունենք աշխարհի լավագույն զենքը, վերջին շրջանում ծախսել ենք 1,5 տրլն դոլար, մենք ունենք լավագույն տեխնիկան, հրթիռները... Մենք ոչ մեկի հետ պատերազմ չենք ուզում, չնայած՝ բոլորից լավ ենք պատրաստված",- նշել է Թրամփը:
Հարցին, թե ինչ ռազմական տարբերակներ են դիտարկվում, Թրամփը պատասխանել է, որ դրանք շատ են, սակայն իրենք այդ ուղղությամբ չեն նայում: Ըստ Միացյալ Նահագների առաջնորդի, իրենք ներկայումս փորձում են ճշտել՝ ում կողմից է կատարվել Սաուդյան Արաբիայի նկատմամբ հարձակումը, որից հետո հետագան պարզ կլինի: