Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությանը դրական գնահատական էտվել երկրի բնակիչների 70 տոկոսը, բացասական՝ 9 տոկոսը: Այդ մասին են վկայում սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք սեպտեմբերի 17-ին հրապարակել է Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգիական ծառայությունը:
Ավելի վաղ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը հրապարակել էր սեփական հարցման տվյալները, որոնց համաձայն, Զելենսկու գործունեությունից գոհ է հարցման մասնակիցների 71 տոկոսը, 11 տոկոսը հակառակ կարծիքին է, 18 տոկոսը չի կարողացել ճշտել իր վերաբերմունքը նրա նկատմամբ:
«Նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունը դրական է գնահատում մասնակիցների 70 տոկոսը, բացասական՝ 9 տոկոսը: Ուկրաինայի նախարարների կաբինետի նոր կազմին դրական գնահատական է տվել 45 տոկոսը, բացասական՝ 8 տոկոսը»,- ասված է նյութում:
Հարցման տվյալներով՝ մասնակիցների 62 տոկոսը կարծում է, որ նոր իշխանության գործունեությունը երկրում կհանգեցնի իրադրության բարելավման, 7 տոկոսի կարծիքով՝ կհանգեցնի իրադրության վատթարացման, 15 տոկոսը կարծիք է հայտնել, որ այն էականորեն չի փոխի իրադրությունը: