Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հոկտեմբերի 1-ին սպասվող Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցին, որի ժամանակ նա մասնակցելու է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, խոսել է հայ-իրանական հարաբերությունների մասին: Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նաև որոշակիորեն կապված է Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ:
Իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն Իրանի շուրջ օրեցօր բարդանում է: Իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածության որոշակի թուլացման, կողմերի միջև երկխոսության հույսերն ի չիք դարձան Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության ձեռնարկությունների վրա հարձակումից հետո, ինչում Միացյալ Նահանգները մեղադրում է Թեհրանին: Այսօր կողմերը կրկին կանգնած են ռազմական առճակատման վտանգի առջև:
Իրան-ԱՄՆ հարաբերություններում նման իրավիճակն, իհարկե, մարտահրավերներ է ստեղծում մեր տարածաշրջանի՝ այդ թվում Հայաստանի համար՝ բավականին բարդեցնելով Հայաստան-Իրան համագործակցությունը: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր կողմից հետևողական դիվանագիտական աշխատանք իրականացնելու դեպքում դրանք հաղթահարելի են: Հայաստանը նախկինում գրեթե նույն պատժամիջոցների պայմաններում բավականին արդյունավետ համագործակցել է իր հարավային հարևանի հետ՝ առանց վնասելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին:
Այսօր էլ մեր գործընկերների և մասնավորապես Միացյալ Նահանգների հետ ճիշտ աշխատելու դեպքում այդ համագործակցությունը զարգացնելը հնարավոր է, քանի որ Հայաստանը փոքր շուկա ունեցող երկիր է, և հայ-իրանական տնտեսական համագործակցությունը դժվար թե իրանական տնտեսության համար ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների ազդեցությունը զգալի մեղմի:
Դրա հետ մեկտեղ, իրանական կողմն այսօր, երբ Միացյալ Նահանգները սեղմում է իր շուրջ տնտեսական օղակը, բավական հետաքրքրված է գործընկերների՝ այդ թվում Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ: Մասնավորապես, վերջին շրջանում Իրանում ակտիվացել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ քննարկումները: Իրանը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում ԵԱՏՄ հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում, իսկ Հայաստանն Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիրն է: Երկկողմ օրակագրում ակտուալ է նաև գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հարցը և այլն:
Այս ծրագրերի իրականացման, Իրանի հետ տնտեսական հարաբերութունների զարգացման հարցում Հայաստանը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի, այլ ոչ թե սպասի Իրանի շուրջ հարմար աշխարհաքաղաքական իրադրության: Ի դեպ, վերջինիս դեպքում Իրանի համար մեծ ներդրումները Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրում, կարող են և այլևս գրավիչ չլինել: Ուստի, հայ-իրանական օրակարգում առկա նախագծերի իրականացման ուղղությամբ պետք է աշխատել հենց այսօր: