Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանին:
«Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, և մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը», - Վաշինգտոնում անցած Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարել է կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը:
Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում: 2018-ի Թավշյա հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ աշխարհի համար. «Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում, միշտ հավատացել եմ սերտ հայ-ամերիկյան հարաբերություններին, սակայն երբեք դրանց ամրությանը չեմ հավատացել այնքան, որքան հիմա, միշտ հույս եմ ունեցել տեսնել Հայաստանը որպես ժողովրդավար երկիր, հիմա դա միայն երազանք չէ»:
Կոնգրեսականի կարծիքով, Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ Թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում և հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։ «Իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ, մարտահրավերներ, որոնք ավելի հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար»,-նշել է ԱՄՆ կոնգրեսականը: