ՄԱԿ-ի փորձագետները մեկնել են Սաուդյան Արաբիա, որպեսզի հետաքննեն հանգստյան օրերին երկրի նավթային օբյեկտներում տեղի ունեցած պայթյունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ նախազգուշացնելով ճգնաժամի սրման դեպքում «ավերիչ» հետևանքների մասին։
Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ փորձագետներին հետաքննությունը սկսելու թույլտվություն է տրվել համաձայն Անվտանգության խորհրդի բանաձևի։
ՄԱԿ փորձագետները «արդեն մեկնել են Սաուդյան Արաբիա և, ակնհայտ է, որ նրանք իրենց աշխատանքը կկատարեն ԱԽ-ի կողմից իրենց տրված մանդատի համաձայն»,- լրագրողներին ասել է Գուտերիշը՝ հավելելով, որ «վճռականորեն» դատապարտել է այդ հարձակումը։
Գուտերիշը նշել է, որ այդ գրոհը Պարսից ծոցում նոր լարվածություն է առաջացնում՝ հավելելով, որ «եթե Պարսից ծոցում լուրջ հակամարտություն տեղի ունենա, դա ավերիչ հետևանքներ կունենա տարածաշրջանի և ողջ աշխարհի համար»։