Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին: Դեսպանության նստավայրը կլինի Թել Ավիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումը կարևորվում է հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով: Դեսպանությանը բացումը նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ):
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեսպանության բացումը կտևի որոշ ժամանակ: «Ես կխուսափեմ որոշակի ժամկետ նշելուց, որովհետև այստեղ կա մյուս կողմը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք Իսրայելն իր հերթին մտադիր է դեսպանություն բացել Հայաստանում, ԱԳ նախարարը պատասխանեց: «Դա մեր երկխոսության օրակարգում է: Մենք մեր քայլերը չենք պայմանավորելու Իսրայելի կողմից ՀՀ-ում դեսպանություն բացելու հանգամանքով, բայց դա եղել և մնում է մեր օրակարգում: Մեր ներկայությունն Իսրայելում կամրապնդի մեր փաստարկները ու մեր բարձրացրած հարցը, որ մենք ևս այստեղ ունենաք դեսպանություն Իսրայելի»
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին:
Վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները:
Դիվանագիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից հարկ է նշել, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան: