Ադրբեջանական կողմի առաջարկը ոչ միայն անհեթեթ է, այլև բարոյականության և Միջազգային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտում է։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ին մեկնաբանելով Ադրբեջանի պետհանձնաժողովի հայտարարությունը։
«Հատկանշական է, որ դիմումը միջազգային կառույցներ, ինչպես երևում է հայտարարությունից, ուղարկվել է սեպտեմբերի 11-ին։ Դրանով իսկ ադրբեջանական կողմը ենթագիտակցաբար մատնում է իր ահաբեկչական նկրտումները՝ ցինիկություն է այն օրը, երբ ամբողջ աշխարհը նշում է ահավոր ահաբեկչական գործողության տարելիցը, պահանջել վերադարձնել ահաբեկիչներին»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
«Ինչ վերաբերում է Ասքերովին և Գուլիևին, այս մարդիկ ծանր հանցագործություններ են կատարել, այդ թվում անչափահասի սպանություն։ Նրանք դատարանի կողմից միջազգային դիտորդների, իրավապաշտպանների և ԶԼՄ-ների մասնակցությամբ բաց դատավարությամբ են դատապարտվել»,- հիշեցրել է Բաբայանը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները հող են նախապատրաստում էլ ավելի նողկալի գործողությունների համար, և չի բացառվում, որ ահաբեկիչների վերադարձնելուն հասնելու համար կարող են դիմել հայ պատանդների առևանգման, այդ թվում արտասահմանում։ Նման միտումներին հակազդեցությունը, նշել է Դավիթ Բաբայանը, պահանջում է պետական կառույցների, կազմակերպությունների և գործընկեր երկրների էլ ավելի համախմբվածություն։
Միաժամանակ, Դավիթ Բաբայանը փաստել է միջազգային իրավասու կառույցների լիակատար անգործությունն ի պատասխան Ադրբեջանի ցինիկ հայտարարությունների։ «Ոչ ոք անգամ որևէ նկատողություն չի արտահայտել»,- ամփոփել է Բաբայանը։
Նշենք, որ փոխանակում առաջարկելով՝ Բաքվում «մոռացել» են երրորդ գերու՝ Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի մասին։