Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե մինչև սեպտեմբերի վերջ այնտեղ չստեղծվի անվտանգության գոտի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է korrespondent.net-ը։
«Մենք սահմանին (Սիրիայի) ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ ասել է Էրդողանը և հավելել, որ չէր ցանկանա Միացյալ Նահանգների հետ ռազմական դիմակայություն այդ տարածաշրջանում։
Եփրատից արևելք անվտանգության գոտի ստեղծելու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել էին 2019 թվականի օգոստոսի սկզբին: Սակայն, Անկարան կարծում է, որ Վաշինգտոնը բավարար ակտիվություն չի ցուցաբերում այդ հարցում։