Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումների՝ վիրջին ամիսների պասիվացումից հետո Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ: Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին Վաշինգտոնում:
Հանդիպման նախօրեին սահմանին տեղի ունեցած միջադեպը և դրան նախորդած Ադրբեջանի հռետորաբանությունն արդեն իսկ վկայում էին, որ հանդիպումից ակնկալիքները մեծ լինել չեն կարող: Հանդիպումից հետո կողմերի արած հայտարարությունները հաստատեցին դա:
Հայկական կողմը հիմնական շեշտադրումն արել է լարվածության նվազեցման և վստահության մթնոլորտի կառուցման ուղղությամբ քայլերի անհրաժեշտության վրա: Ընդգծել է «Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների hայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը»:
Հատկապես ուշագրավ է հետևյալ ձևակերպումը. «խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը»: Այն կարող է վկայել միջնորդների կողմից այնպիսի առաջարկի մասին, որը հայկական կողմը գնահատում է որպես անհամաչափ հանձնառություն: Սա կարող է նույնիսկ որակվել որպես ճնշման մասին հայտարարություն:
Մինչդեռ ադրբեջանական ԱԳՆ-ի անդրադարձը հանդիպմանը ցույց է տալիս, որ Բաքուն գոհ չէ հանդիպումից և չի կարևորում արդյունքները: Ադրբեջանական հայտարարության մեջ նշվում է, որ «ընդամենը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել առկա բանակցությունների վերաբերյալ»: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի ակնկալիքները չեն արդարացել:
Հանդիպման արդյունքների մասին ամբողջական պատկերացում հնարավոր կլինի կազմել միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից հետո: Կողմերի հայտարարությունները և այն, որ այս պահին չի քննարկվում երկու կողմերի ղեկավարների հանդիպման անցկացման հարցը, այլ խոսվում է միայն համանախագահների տարածաշրջանային այցի և ԱԳ նախարարների հերթական հանդիպման կազմակերպման մասին, վկայում են, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա և չկան նույնիսկ դրա նախադրյալները: Միևնույն ժամանակ, հայկական կողմի արձանագրումն անհամաչափ հանձնառությունների քննարկման մասին մտահոգության տեղիք է տալիս: