Աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը՝ եվրագոտու տնտեսությունը, շարունակում է մի շարք կարևորագույն մակրոտնտեսական ցուցիչների՝ այդ թվում գործարար ակտիվության և արտադրական կարողությունների ցուցանիշների անկում արձանագրել:
Եվրագոտու տնտեսության վերաբերյալ բացասական կանխատեսմամբ է հանդես եկել նաև Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին: Պաշտոնյայի խոսքերով այս իրավիճակը պահանջում է «երկարաժամկետ հարմարվողական դրամավարկային քաղաքականություն»:
Հայտնի է, որ եվրագոտու տնտեսական վիճակի հիմնական կարգավորիչ մարմնի դերում հանդես է գալիս Եվրոպական կենտրոնական բանկը: Ըստ գործող մեխանիզմի, ԵԿԲ-ն իրականացնում է ԵՄ հիմնական տնտեսությունների հարկային քաղաքականության արդյունքում կուտակված միջոցներով դրամավարկային կառավարումը, որը վերջին տասնամյակում եվրոպացիների հիմնական դժգոհության առարկաներից մեկն է: ԵՄ քաղաքացիները չեն համաձայնվում եվրագոտու այս կամ այն երկրի կայունացման նպատակով ավել շատ հարկեր վճարել: Այս առիթով որոշ երկրներում նույնիսկ մասսայական դժգոհությունների ալիք բարձրացավ:
Այսօր, փաստացի, եվրագոտին, ի դեմս ԵԿԲ-ի, կանգնած է կարգավորիչ նոր մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության առաջ, քանի որ հիմնական դոնոր երկրում՝ Գերմանիայում, ևս տնտեսական հիմնական ցուցանիշները հուսադրող չեն: Համախառն ներքին արդյունքն այդ երկրում ստաբիլ ցածր մակարդակի վրա է գտնվում. ՀՆԱ փոքր աճ Գերմանիայում գրանցվել է ընթացիկ տարվա հունվարին, որից հետո կրճատվել է՝ հասնելով 2018-ի ցածր մակարդակին:
ԵԿԲ հաջորդ ղեկավար Քրիստին Լագարդն, ով կպաշտոնավարի նոյեմբերի մեկից սկսած, հավանական է, որ կանգնի կառույցի ֆունկցիոնալ փոփոխությունների խնդրի առաջ: Բանն այն է, որ ԵԿԲ հիմնական ազդեցության լծակն այս պահի դրությամբ միայն դրամավարկային քաղաքականությունն է: Շատ փորձագետների կողմից խոսվում է անգամ առանձին հիմնադրամ ստեղծելու մասին, որը կգտնվի ԵԿԲ կուռացիայի ներքո՝ բարդ տնտեսական իրավիճակներում ԵՄ այլ երկրներում հարկային խստացնող միջոցառումներից խուսափելու համար:
Այս պահի դրությամբ եվրագոտու և առհասարակ ԵՄ անդամ երկրների տնտեսություններին մնում է սպասել առաջիկա փոփոխություններին: