Օրերս հայտնի դարձավ, որ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն կառավարման պայմանագիրը: Ռուսական լրատվամիջոցներում տարածված ինֆորմացիայի համաձայն, դեռևս մեկ տարուց ավել է՝ ինչ ռուսական ընկերության դուստր կազմակերպության նկատմամբ իրականացվում են տարատեսակ ստուգումներ, հարուցվել է քրեական գործ: Այդ աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը փորձել է իշխանությունների հետ բանակցել, առաջարկել անցկացնել անկախ հետազոտություններ, սակայն ապարդյուն:
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից ինֆորմացիան ո՛չ հերքվել է, ո՛չ էլ հաստատվել: Որևէ մեկնաբանություն չի տրվել նաև դուստր կազմակերպության՝ «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից. մասնավորապես ի պատասխան aravot.am կայքի հարցման, ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասել է. «ՀԿԵ-ն այդ առումով մեկնաբանություն չունի»[1]: Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ «Ռուսական երկաթուղիների» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը կարևորել է Հայաստանում աշխատանքը: Նշենք նաև, որ այդ հանդիպմանը նաև վերանշանակվել է «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Չնայած պայմանագրի վաղաժամ խզման մասին լուրի պաշտոնական հաստատման բացակայությանը, հարկ ենք համարում անդրադառնալ դրա հավանական սցենարին՝ հաշվի առնելով, որ ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը ևս անդրադարձել է հայկական դուստր ընկերության նկատմամբ հարուցված քրգործերին և փաստացի այստեղ կան խնդիրներ:
Նախ, իսկզբանե ֆիքսենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ըկերության գրեթե ողջ շարժակազմը, պայմանագրից ելնելով, պատկանում է ռուսական ընկերությանը: Դա նշանակում է, որ պայմանագրի խզման պարագայում, երկաթուղով բեռնափոխադրումները շարունակելու համար ստիպված ենք լինելու կա'մ գնել նոր շարժակազմ, կա՛մ դրանք վարձակալել: Երկու դեպքում էլ լուրջ ծախսեր են նախատեսվում բյուջեից:
Կազմակերպությունը բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի ԱՊՀ, ԵվրԱզԵս երկրներ, Վրաստան, Իրան, Եվրոպա, Չինաստան, Ամերիկա, Ավստրալիա, Աֆրիկա: Ընկերության միջոցով ապահովվում է Հայաստան ներմուծվող հացահատիկի զգալի մասը, ինչպես նաև բենզին ու դիզ.վառելիք:
Սա նշանակում է, որ պայմանագրի վաղաժամ խզման պարագայում մենք կունենանք այս ապրանքատեսակների գների թանկացում:
Մյուս կողմից ընկերությունում առկա աշխատուժի հետ կապված առաջացող սոցիալական խնդիրն է: Եվ ի վերջո, իհարկե մեր երկրի ներդրումային գրավչությունը, քանի որ սա հերթական օտարերկրյա ուղղակի ներդրումային խոշոր ծրագիրն է (այս դեպքում ավելի քան 570 մլն դոլար), որը կարող է դադարեցվել:
Անկախ հատնաբերված խախտումներից, որոնք օբյեկտիվորեն պետք է ենթարկվեն քննության, կան դեպքեր, երբ խնդիրների լուծումը պետք չէ հանրայնացնել, հատկապես, եթե գործընկերոջ կողմից, այս դեպքում ռուսական, եղել է պատրաստակամություն Կառավարության հետ բանակցելու հարցի շուրջ: Իսկ եթե այնուամենայնիվ պետությունը գնում է հանրայնացման ճանապարահով, ապա գոնե պետք է նախապես մշակված լինեն դրանից բխող ռիսկերի մեղմման կամ կանխարգելման մեխանիզմներ:
Եթե հաստատվեն ռուսական կապիտալով հայկական երկաթուղու հետ կապված լուրերը, ապա այս պաահի դրությամբ գոնե այդ մեխանիզմները տեսանելի չեն: