Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն ընդունել է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը: Այդ մասին ասվում է Frontline ցիկլի վավերագրական ֆիլմի ծանուցման մեջ, որը սեպտեմբերի 26-ին տեղադրվել է ԱՄՆ-ի հանրային հեռարձակման ծառայության (PBS) կայքում:
«Դա տեղի է ունեցել, երբ ես ծառայության մեջ էի (PBS-ի տարբերակում՝ բառացիորեն՝ «իմ հերթափոխի ժամանակ»): Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը»,- ասել է արքայազնը, որը երկրում կարևորությամբ երկրորդ դիրքն է զբաղեցնում թագավորից հետո: Նա, սակայն, պնդում է, որ իրազեկված չի եղել Խաշուկջիի հետ կատարվածի մասին: Արքայազնը պարզաբանել է, որ թագավորությունում «20 մլն հպատակ և 3 մլն պետական ծառայող կա», որոնք ունեն իրենց օրակարգն ու խնդիրները, և հնարավոր չէ իմանալ, թե ինչ է անում նրանցից յուրաքանչյուրը: