Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ստրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական կայքէջից:
ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու երկրին, հանրապետությունում պետականաշինության գործընթացում, հատկապես՝ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։
Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով արտաքին կապերի հաստատումը՝ որպես Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչն առանցքային նշանակություն ունի թե՛ Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և թե՛ միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։
Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի քաղաքներից մեկի և Ստրովոլոս քաղաքի միջև մարդասիրական տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը, Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ Կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը։