Օրերս Վիճակագրական կոմիտեն հրապարակեց Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը. այն աճել է 7 տոկոսով: Համաձայն պաշոնական վիճակագրության, արդյունաբերության աճը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 9.5 տոկոս, առևտրի շրջանառության աճը՝ 9 տոկոս,շինարարության աճը՝ 4 տոկոս: Համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցել ծառայությունների ոլորտի աճը՝ 15.5 տոկոս, համեմատաբար ցածր աճ է ապահովվել արտահանման ոլորտում:
Ինչի՞ մասին են խոսում այս ցուցանիշները: Նախ իսկզբանե ֆիքսենք, որ ցուցանիշները համեմատված են 2018թ.-ի առաջին կիսամյակի հետ. ժամանակահատված որի մի զգալի հատված երկրի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ պարալիզացված էր: Այսինքն, աճն ավելի քան բնական է:
Եթե անդրադառնանք Տնտեսական ակտիվության ցուցանիշին առհասարակ (ՏԱՑ),ապա դա տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշն է: Սա նշանակում է, որ ՏԱՑ-ը ցույց է տալիս ոլորտներում գրանցված համախառն աճը/ անկումը: Ուստի շատ կարևոր է ՏԱՑ-ի ցանկացած փոփոխություն դիտարկել՝ ըստ համախառն ցուցիչի վրա ազդող հիմնական ցուցանիշի: Այս դեպքում առավելագույն աճն ապահովվել են ծառայությունների ոլորտը, առևտրի շրջանառության աճը և շինարարությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիներին այս ոլորտում գրանցված պասիվությունը:
Բացառությամբ շինարարության ոլորտի, մյուս երկուսում աճի կարևորագույն գործոն է գների թանկացումը: Այսինք ցուցադրված 15.5 և 9 տոկոսանոց աճը չի արտացոլում բացառապես անվանական միավորի աճ: Շինանարարության ոլորտում իսկապես գործ ունենք միավորի աճի հետ, սակայն որպես կանոն շինարարության ոլորտի աճը ժամանակավոր է և տնտեսության վրա թողում է կարճաժամկետ հետևանք:
Խոսելով անվանական միավորի աճի մասին, պետք է նշել, որ ի տարբերություն ՏԱՑ-ի, դա լիովին արտացոլում է մեկ այլ մակրոտնտեսական ցուցանիշ՝ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը: Հիշեցնենք, որ ՀՆԱ-ն բնութագրում է երկրի տնտեսությունում արտադրված ապրանքների ու ծառայությունների արժեքը: Այլ խոսքերով, ՀՆԱ –ն երկրում ստեղծված անվանական արժեքի թվային արտացոլանքն է: Իսկ այս ցուցանիշի մասով, հրապարակված ՏԱՑ-ին զուգահեռ, ստացանք Ասիական Զարգացման բանկի զեկույցում ներկայացված գնահատականը՝ նախորդ տարվա համեմատ աճի անկում 8.7-ից՝ 6.8 տոկոսի:
Իհարկե համադրական գնահատական տալու համար, պետք է համեմատել առնվազն նույն ցուցանիշները: Անհերքելի է նաև, որ և՛ ՏԱՑ-ի պարագայում, և՛ ՀՆԱ-ի պետք է սպասել ավելի լայն ժամանակարջանի համախառն ցուցանիշների: Միաժամանակ սխալ կլինի պնդելը, որ ներկայացված ցուցանիշներն առ ոչինչ են: Ցանկացած պարագայում, եթե նույնիսկ աճը գների թանկացման հետևանքով է, խոսքը գնում է տնտեսությունում աշխուժացման մասին: Սակայն այս ամենին զուգահեռ պետք է նաև մեկընդմիշտ ֆիքսել, որ օպերատիվ տվյալները միայն ֆոնային ազդեցություն են թողնում: