Հոկտեմբերի մեկին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Երևան կժամանեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ: Նիստին հրավիրյալ երկրների կարգավիճակով մասնակցություն կունենան Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, ինչպես նաև Մոլդովայի նախագահը՝ դիտորդ երկրի ղեկավարի կարգավիճակով: Նշենք, որ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին:
Պետք է նշել, որ Սինգապուրի վարչապետի այցը բավական հագեցած է և խոստումնալից՝ ելնելով Բաղրամյան 26-ում ունեցած համատեղ ասուլիսին հնչած հայտարարություններից: Մասնավորապես խոսվել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման մասին: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հաջորդ տարի Սինգապուրում նշվելու են Հայաստանի օրեր: Բացի այդ, Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր:
Սա, իհարկե երկու երկների երկկողմ զարգացման տեսանկյունից խոստումնալից քայլ է:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, ապա սպասվում է, որ Միության և Սինգապուրի միջև կստորագրվի համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և ազատ առևտրի մասին համաձայնագիր:
Այս պահին դրությամբ մի փոքր բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանն Իրանի հետ հարաբերությունների առումով: Անշուշտ, Իրանի ղեկավարի այցը Հայաստանի ԵԱՏՄ միջոցառման շրջանակներում նախատեսվող այց է: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, տրամաբանական է, որ հայկական կողմն ասելիք պետք է ունենա: Ունի՞ արդյոք այդ ասելիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բավարա՞ր էր արդյոք ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթում Իրանի հետ ունեցած հարաբերությունների մասին ակնարկը, բավարարո՞ղ է արդյոք ՀՀ ԱԳ ղեկավարի հանդիպումը Միացյալ Նահանգներում Իրանի ԱԳՆ -ի հետ:
Միանշանակ է, որ նախորդ ամսվա ընթացքում Իրանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումով արձանագրված ռուս-իրանական մերձեցման տրամաբանական շարունակության ականատեսն ենք լինելու Երևանում: Եվ առավել ևս այս մերձեցման ֆոնին, որը փաստացի տեղի կունենա Երևանում, ամերիկյան կողմից արձագանքներ կլինեն: Վերջիններով ևս պայմանավորված հայկական դիվանագիտությունն ակտիվ պետք է լիներ ԱՄՆ-ում հանրային կամ ոչ այնքան հանրային մակարդակներում: Իսկ ակտիվ եղել ենք, թե ոչ, իմանալու համար երկար չենք սպասի: