Միջազգային հանրությունը պետք է հակադրվի ԱՄՆ թշնամական և միակողմանի մոտեցումներին։ Այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երևանյան ԵԲՏԽ-ում, փոխանցում է News.am-ը։
Ռոհանին հայկական կողմից երախտագիտություն է հայտնել՝ միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման համար: Նրա խոսքով՝ բոլոր երկրները պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիությանը, հանդես գալ միջազգային պարտավորություններին համապատասխան, խաղաղության, անվտանգության, կայունության և միջազգային կարգի պահպանմանը համապատասխան։
Իրանի նախագահի խոսքով՝ թշնամական գործողություններին դիմադրությունը հանգեցրել է կոշտ և անմարդկային պատժամիջոցների, անտեսվում են միջազգային պարտավորությունները և համաձայնագրերը։ «Միջազգային հանրությունը պետք է հակադրվի ԱՄՆ թշնամական և միակողմանի մոտեցմանը, ընդունի լուրջ որոշումներ և գործողություններ։ ԱՄՆ հարկադրման միջոցները հանգեցրել են տնտեսական ահաբեկչության՝ ուղղված հասարակ մարդկանց կյանքին»,-նշել է Իրանի նախագահը։
Խոսելով ԵՏՄ ներուժի մասին՝ նա նշեց տրանսպորտային բաղադրիչի և տարանցման դյուրինացման ռազմավարության կարևորության մասին։
«Ներկայիս ծայրահեղ հանգամանքներում տարածաշրջանային կայունության պահպանումը, որը խախտվել է ԱՄՆ կործանարար գործունեության հետևանքով, անհրաժեշտություն է։ Աղքատություն, անվտանգության բացակայություն, միգրացիա։ Վախի և հուսահատության այսպիսի մթնոլորտում անհրաժեշտ է բազմակողմանի տարածաշրջանային համագործակցություն»,- նշել է Ռոհանին։