Պուտին-Փաշինյան երկխոսությունն այսօր բավական բարդ է ընթանում: Այդ մասին է վկայում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցը:
Իսկզբանե ակնկալիքներն այցից դրական չէին, մամուլում նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ Պուտինը չի այցելի Հայաստան, կամ այցի ընթացքում հանդիպում կունենա Ռոբերտ Քոչարյանի հետ և այլն: Այցը կայացավ, բայց ֆորմալ ձևակերպումներից դուրս ամեն ինչ վկայում է, որ Երևանի ու Մոսկվայի երկխոսությունն այնքան էլ հարթ չէ: Բելլա Քոչարյանի հետ հանդիպումը ՌԴ դեսպանության տարածքում դրա ամենավառ, բայց ոչ միակ վկայությունն է:
Նույն օրը երկու հանդիպումների անցկացումը վկայում է այն մասին, որ օրակարգում բավական բարդ հարցեր կան, որոնց շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Նման հարցերից մեկը Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացումն է: Անկախ նրանից, այդ բարձրացումն օբյեկտիվ, տնտեսական պատճառներ ունի, թե նաև որպես քաղաքական ճնշման գործիք է օգտագործվում, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների համար դա ծանր հարված է լինելու: Իսկ Մոսկվան, կարծես, հակված չէ հեշտ զիջումների: Մյուս կարևոր հարցը՝ Հարավկովկասյան երկաթուղու ճակատագիրն է:
Բացի այդ, արարողակարգային մի շարք մանր հարցերում էլ որոշակի լարվածություն նկատվում էր՝ սկսած Ռուսաստանի ղեկավարի համար անընկալելի սելֆիներից մինչև օդանավակայանում նրան չդիմավորելը, ինչը փորձ արվեց շտկել ճանապարհելու միջոցով:
Վարչապետ Փաշինյանը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին նշել էր, որ դրանք «հուսալի եւ դրական հունի մեջ են», «դինամիկ զարգացում են ապրում»: Նման գնահատականներն ավելի շատ հանրության շրջանում առկա մտավախությունները փարատելուն են ուղղված: Առաջին անգամ չէ, որ նրա կողմից նման գնահատականներ են հնչում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Եթե դրանք հիմնավոր լինեն և հասարակությունը տեսնի դրանց արդյունքները, շատ ավելի լավ կլինի:
Հայ-ռուսական օրակարգում առկա խնդիրների լուծումը միայն կվկայի բարձր որակի երկխոսության մասին: Այցը երկու կողմերի համար էլ բավական բարդ էր, արդյունքները՝ դեռ անորոշ: