Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Պուտինի աշխատանքային այցը Երևան անցավ առանց արտառոց միջադեպերի, սակայն որևէ կերպ չհերքեց հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին մամուլի և փորձագիտական շրջանակի պնդումները: Այցի արդյունքներով դժվար է ասել, որ երկու երկրների միջև առնվազն ֆոնային լարվածություն չկա: Պուտինի Երևան ժամանելու ժամանակը, օդանավակայանում և Բաղրամյան 26-ում դիմավորելու արարողությունները, ինչպես նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ Ռուսաստանի դեսպանատանն ունեցած հանդիպումը վկայում են այն մասին, որ այցին նախորդած խոսակցություններն անհիմն չէին:
Այս ամենին գումարվում է նաև Բաղրամյան 26-ի դիմաց իրականացված ակցիան, երբ արևմտյան ֆինանսավորմամբ գործող որոշ անհատներ պաստառներ էին պարզել՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում գտնվող քաղաքական բանտարկյալներին: Ակցիան իր տրամաբանությամբ միգուցե կարելի է նորմալ համարել, միջազգային պրակտիկայում հաճախ է հանդիպում, երբ օտարերկյա պետությունների ղեկավարներին այս կամ այն երկրում ընդունում են բողոքի ակցիայով, սակայն ոչ այս դեպքում: Ոստիկանության կողմից արգելվել էր «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին իրազեկման ակցիա իրականացնող «ՎԵՏՕ» շարժմանը մոտենալ Բաղրամյան 26–ին: Եթե խոսքն իսկապես անվտանգության մասին է, պետք է ոստիկանությունը խոչընդոտեր երկու ակցիաների անցկացմանն էլ՝ հատկապես, որ երկուսն էլ կանխատեսելի էին: Կարծում եմ՝ մեր ոստիկանությունն ի վիճակի է պատշաճ ապահովելու նման միջոցառումների անվտանգությունը, ուստի, տպավորություն է ստեղծվում, որ պետական մարմինների համար խնդիրը եղել է ակցիաների բովանդակությունը: Դժվար է ասել, թե ինչ նպատակ կարող էր հետապնդել ոստիկանության կողմից հակառուսական ակցիային չխոչընդոտելը. միամտություն է կարծել, որ ակցիայի մասնակցիների պահանջները կարող են լուրջ ընդունվել դրանց հասցեատիրոջ կողմից, սակայն ակցիան կարող է խտացնել երկկողմ հարաբերություններում առկա բացասական ֆոնը: