ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից մի փոքր ավելի վաղ մեկնելու պատճառը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին՝ Փաշինյանը նշել է, որ վաղ մեկնելու պատճառը ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունն էր:
«Ցավոք սրտի նրա ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել ավելի վաղ: Սգո միջոցառում կար, որին նա պետք է մասնակցեր, այդ պատճառով մի փոքր վաղ մեկնեց Հայաստանից»,- ասել է Փաշինյանը:
Նշենք, որ օրերս երկարատև հիվանդությունից հետո 90 տարեկան հասակում մահացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի զոքանչը՝ Ելենա Ժելներովիչը: