ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում.
«Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ օմբուդսմենի գրասենյակը հսկայական և կարևոր դեր է խաղում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման, այլ նաև կարծրատիպերը կոտրելու և հասարակական մտածելակերպը փոխելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն ունի բարձրագույն «A» կատեգորիա՝ իր անկախ, անկողմնակալ և արդյունավետ աշխատանքի համար վերջերս հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում: Խտրականության, կարծրատիպերի և թիրախավորումների դեմ պայքարի շրջանակներում օմբուդսմենի գրասենյակը շարունակում է նախաձեռնել և իրականացնել բազմաթիվ նախաձեռնություններ՝ Եվրոպայի Խորհրդի, UNFPA, USAID և ԵՄի, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակություններ կազմակերպությունների աջակցությամբ:
Հիմնական նպատակն է փոխել ընկալումը կանանց դերի վերաբերյալ և խրախուսել կանանց լիարժեք ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախաձեռնել է իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստող արշավ՝ ուղղված կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարին՝ «դեմ եմ բռնությանը» կոչով: Պայքարելով կանանց և ընտանեկան բռնության դեմ՝ մենք կերտում ենք ուժեղ ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն: Իսկ հայ հասարակության համար ընտանիքը շատ կարևոր է: Սակայն չի կարող լինել երջանիկ ընտանիք, եթե կա բռնություն: Այս արշավի նախաձեռնողները հիմնականում կենտրոնացել են մարզերի վրա և կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու սոցիալական մեդիան: Միաժամանակ, արշավին ակտիվորեն մասնակցում են ճանաչված մարդիկ և մասնավորապես տղամարդ դերասաններ: Ինչու՞ եմ ես սա նշում: Որովհետև, իմ համոզմամբ, տղամարդիկ պետք է հավասարապես պայքարեն ընտանեկան բռնության դեմ՝ կոտրելով կանանց մասին կարծրատիպերը: Միայն համատեղ ուժերով մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքների:
Այսպիսով, այս հարցում մենք ունենք սերտ համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հայտնի մարդկանց և, իհարկե, կառավարության միջև:
Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել, որ ՀՀ կառավարությունն ու Ազգային Ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ավելի ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնավոր արժեք է մեզ համար»: