Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունն ավելի են ուժեղանալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին վարչապետը նշել է կառավարության նիստում՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե ռազմավարությունը թուլացնելու է վերը նշված ուժային կառույցները:
«Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, ըստ որի՝ ռազմավարության նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով:
«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը: Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ նույն խնդիրը դրվում է Ոստիկանության համար, և եկել են այն համոզման, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անվտանգությունը ապահովելու իմաստով: