Այսօր գիշերը քրոջ և երեխաների հետ Հայաստան է ժամանել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Նա, որպես զեկուցող, հանդես կգա տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ։
«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
WCIT 2019-ի ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանն օդանավակայանում սպասող լրագրողներին տեղեկացրեց, որ Քարդաշյան քույրերը եկել են իրենց երեխաների հետ։ Յոթ երեխա է նրանց հետ։ Երեխաների քնած լինելու պատճառով նրանք հյուրանոց են մեկնել՝ դուրս գալով օդանավակայանի նախագահական ելքով։ Քարդաշյանը խոստացել է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը Հայաստանում կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում է նաև աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը: