ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Ռուսաստանը և անձամբ Նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան օգնել Իրանի և Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների կարգավորմանը հանուն նավթի շուկայի կայունացման: Այս մասին ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն՝ ռուսական էներգետիկ շաբաթի ընթացքում, փոխանցում է «Ռեգնում»-ը:
«Նախագահ Պուտինն, անկասկած, ավելինով է օժտված, քան պարզապես քաղաքական հեղինակությունը՝ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև գլոբալ մասշտաբով: Մենք մեծ հույս ունենք, որ նա կկիրառի իր լավ որակները և կօգնի հաշտեցնել, հարթել տարբերությունները, որ գոյություն ունեն մեր որոշ անդամ երկրների միջև: Սա անհրաժեշտ է ոչ միայն աշխարհի կայունության շահերի շրջանակում, այլև այն նպատակով, որ ՕՊԵԿ-ը կարողանա հետագայում ևս հաջողությամբ որոշումներ ընդունել շուկայի շահերի շրջանակում»,- նշել է նա:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել է Ռուսական էներգետիկ շաբաթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին և հայտարարել, որ դրանից հետո ինքը ոգեշնչվել է: «Վլադիմի Պուտինի հետ անչափ արգասաբեր զրույց ունեցանք: Նրա հետ հանդիպելը միշտ մեծ պատիվ է ու վայելք: մենք՝ ՕՊԵԿ-ը և ՕՊԵԿ+-ը ՌԴ նախագահին շատ ենք հարգում ու գնահատում: Նա միշտ կողմ է մեր համագործակցությանը Ռուսաստանի գլխավորությամբ ՕՊԵԿ-ի մեջ չմտնող արտադրող երկրների հետ: Եվ նա առաջնորդություն է ապահովում, որի կարիքը մենք լրջորեն ունենք, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում: Մի խոսքով՝ հանդիպումն անչափ արդյունավետ էր, և ես դրանից հետո ոգեշնչվել եմ»,- նշել է Բարկինդոն:
Սեպտեմբերի 14-ին սաուդյան ազգային նավթային ընկերություն Saudi Aramco-ի 2 ամենախոշոր ձեռնարկությունները հարձակման էին ենթարկվել դրոնների կողմից: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին եմենյան «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները, որոնք հայտարարել էին դիվերսիայի ժամանակ պայթուցիկով լցոնված 10 անօդաչու թռչող սարք օգտագործելու մասին: