Օրեր առաջ Սոչիում տեղի ունեցավ «Վալդայ» միջազգային ակումբի հերթական՝ XVI նիստը, որը նշանավորվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ադրբեջանական «մերձեցման» տարատեսակ դրսևորումներով և «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսես Լիխաչովի կողմից արված առաջարկով՝ կառուցել Ադրբեջանում գերհզոր ատոմակայան:
Այս ամենը հստակ քաղաքական վերաբերմունք է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանդեպ, յուրաքանչյուրին՝ յուրովի: Հերիք է իրերը դիտենք հաջոդականության մեջ: Նախ Պուտինն Ալիևին անձամբ է հրավիրում մասնակցելու ակումբի նիստին (ի դեպ, ԵԱՏՄ նիստից առաջ), այն դեպքում, երբ Հայաստանը որևէ մակարդակով ներկայացված չէր: Նիստի ընթացքում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի տարածքում Ալիևին տրվում է Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արտահայտվելու հարթակ, չկա հակադարձելու որևէ տարբերակ հայկական կողմի համար, չկա բալանսավորող որևէ հայտարարություն համանախագահող Ռուսաստանի կողմից, ավելին, Ալիևի ելույթից առաջ ՌԴ ԱԳ ղեկավարն է հանդես գալիս խոսքով, որում ուղիղ տեքստով քննադատում է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտությունը: Եվ այս ամենը՝ Փաշինյան- Պուտին երևանյան հանդիպումներից հետո: Ունե՞նք մտահոգվելու առիթ, այո, ունենք և շատ:
Ինչ վերաբերում է Լիխաչովի առաջարկին՝ Ադրբեջանում կառուցել գերհզոր ատոմակայան, ապա սա, բնականաբար, հանդիսանալով այդ վերաբերմունքի ընդգծված շարունակությունը, մեզ համար կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ, ինչը հասկանալու համար պետք է հիշել ընդամենը երեք հանգամանք.
1. որ ատոմայականը 2003թ.-ից գործարկվում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ»-ի կողմից,
2. Ատոմակայանն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը,
3. Թուրք-ադրրբեջանական տանդեմի հակահայկական քարողչության թիրախներից մշտապես հանդիսացել է Հարավային Կովկասում միակ հայկական Ատոմակայանը, հասկանալի է, որ այն պատճառով, որ Ատոմակայնն իսկապես Հայաստանի համար անվտանգային նշանակություն ունի:
Ըստ այդմ, Ադրբեջանում ռուսական նախաձեռնությամբ ատոմակայանի հնարավոր կառուցումը, չի բացառում, որ առաջացնի «ԻՆՏԵՐ ՌԱՈ»-ի կողմից պայմանագրի վաղաժամ խզման հավանականություն, մյուս կողմից կկորցնենք մեզ համար անվտանգային կարևոր գործոններից մեկը:
Զարգացման այս սցենարից բխող հետևանքների մասին ավելորդ է խոսելը: Մյուս կողմից, սա նաև 2018 թ. ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված 17 փաստաթղթերից կազմված ճանապարհային քարտեզի տրամաբանական շարունակությունն է: Այդ փաստաթղթերը ենթադրում էին ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, ներդրումային համագործակցության լայն շրջանակ:
Թե որքանով է հավանական Ադրբեջանում ատոմակայանի կառուցման սցենարը, ընդգծենք մի պարզ հանգամանք: Երկու տարի առաջ մենք չէինք կարող հավանական համարել, որ շատ կարճ ժամկետում հայ-ռուսական դարավոր դաշնակցային հարաբերություններն ամենաբարձր մակարդակով կարող են դառնալ պարզապես ռազմավարական գործընկերություն. հիշենք Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումն ու զրույցը: Բացի այդ, ռուսական ընկերության կողմից Ադրբեջանի նախագահին արված առաջարկը հանրային էր, ինչին բնական է՝ շատ արագ հաջորդեց ադրբեջանական կողմից ուսումնասիրություններ կատարելու հանձնառության մասին հայտարարությունը:
Ակնհայտ է, որ բալանսների խախտման միտում կա, ինչը հետևանք է մեր իշխանությունների ոչ հստակ պահվածքի, երբ հայտարարվում է հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն լինելու» մասին, բայց ականատես ենք լինում երկու կողմերից հստակ քաղաքական վերաբերմունքի, միայն մեկ տաբերությամբ՝ ռուսական կողմից վերաբերմունքի գինը մեզ համար շատ բարձր կարող է լինել: