Ուկրաինական ճգնաժամի հաղթահարման «Շտայմայերի բանաձևը» փորձ է մեծ քայլերը, որոնց կողմերը պատրաստ չէին, բաժանել փոքր քայլերի: Այդ մասին ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ մեկնաբանելով Դոնբասի կարգավիճակի հարցի լուծմանն ուղղված իր անունը կրող բանաձևի շուրջ առաջացած աղմուկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Մինսկում Ուկրաինայի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը համաձայնեցրել է, այսպես կոչված, «Շտայմայերի բանաձևը»: Այժմ այն պետք է քննարկման դրվի «Նորմանդական քառյակի» ձևաչափով (կազմված է Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի նախագահներից) և դրա իրականացման ճանապարհային քարտեզ մշակվի:
Այս բանաձևը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առաջարկել է 2016թ. աշնանը, երբ զբաղեցնում էր Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը: Այն կոչված է լուծում տալ Մինսկի համաձայնագրի ամենավիճելի դրույթներից մեկին՝ Դոնբասի հատուկ կարգավիճակի հարցին:
Բանաձևը ենթադրում է.
- ընտրությունների անցկացում Դոնեցկում և Լուգանսկում՝ Ուկրաինայի Սահմանադրության դրույթների և ընտրական օրենքի համապատասխան,
- ընտրություններից անմիջապես հետո Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ օրենքի ընդունում Ուկրաինայի կողմից ժամանակավոր հիմունքներով,
- ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից ընտրությունների դրական գնահատականի պարագայում հատուկ կարգավիճակի վերաբերյալ օրենքի ընդունում մշտական հիմունքներով,
- ռազմական գործողությունների մասնակիցների համաներում նախքան ընտրությունների անցկացումը:
Բանաձևի շուրջ նախկինում չէր հաջողվում համաձայնության գալ, քանի որ ուկրաինական կողմը մտավախություններ ուներ, որ Ռուսաստանը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա և պահանջում էր, որ ընտրություններն անցկացվեն միայն Ռուսաստանի հետ սահմանի նկատմամբ Ուկրաինայի վերահսկողության վերականգնումից հետո: Բացի այդ, Դոնբասին հատուկ կարգավիճակի շնորհումն ուկրաինական կողմում ընկալվում է որպես զիջում Ռուսաստանին, ինչին քաղաքական շատ ուժեր դեմ են:
Այսօր էլ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատության է ենթարկվում այս բանաձևին համաձայնության տալու համար: Այդ թվում՝ նրան քննադատողների թվում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով համաձայնություն էր տվել Միսնկի համաձայնագրերին, որոնցում ամրագրվում է Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու դրույթը:
Զելենսկիի կողմից բանաձևին համաձայնություն տալը փորձագետները բացատրում են մի կողմից՝ Դոնբասում պատերազմն ավարտելու և հարցին լուծում տալու իր նախընտրական խոստումը կատարելու ձգտմամբ, մյուս կողմից՝ Արևմուտքից և հատկապես Ֆրանսիայի կողմից բավական մեծ ճնշմամբ: Բացի այդ, կատարվել է նրա հիմնական նախապայմանը՝ սեպտեմբերին տեղի է ունեցել գերիների փոխանակում:
Ռուսաստանում ևս այս բանաձևին համաձայնություն տալը միանշանակ չի ընկալվում: Ոմանք այս քայլը գնահատում են, որպես Դոնբասի նկատմամբ դավաճանություն: Սակայն այս որոշմանն աջակցող փորձագետները, նախևառաջ կարծում են, որ բանաձևը կյանքի չի կոչվի, դրա փոխարեն՝ Արևմուտքում կհամոզվեն, որ խնդրի ձգձգման մեղավորը ռուսական կողմը չէ: Բացի այդ, Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելը նրանց կողմից ընկալվում է որպես քայլ դեպի Ուկրաինայի ֆեդերալիզացիա, հետևաբար՝ նաև հետագա ազդեցության լծակ Ուկրաինայի կարևոր որոշումների վրա:
Բանաձևի ընդունումը դեռ չի նշանակում իրական առաջընթաց ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում: Արդեն երկու անգամ Մինսկում համաձայնեցվել և ստորագրվել են կարգավորման սկզբունքները, բայց դրանց իրագործման ուղղությամբ շոշափելի քայլեր չեն արվել: Այնուամենայնիվ, Վլադիմիր Զելենսկիի իշխանության գալով գործընթացը սկսել է շարժվել «մեռյալ կետից», և բոլոր կողմերի կառուցողականության դեպքում որոշակի առաջընթաց հնարավոր է: Իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը, կարծես, տրամադրված են հարաբերման դրական թեմաներ փնտրելու: