Իրաքի իշխանությունները վերաբացել են Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են կառավարական առանցքային հաստատություններն ու օտարերկրյա դիվավագիտական ներկայացուցչությունները:
«Կանաչ գոտին» հնարավոր է դարձել վերաբացել վարչապետի գրասենյակի և ցուցարարների միջև բանակցությունների արդյունքում: Իրաքի իշխանությունները խոստացել են բավարարել ցուցարարների պահանջները: Արդեն հայտարավել է մի շարք բարեփոխումների մասին՝ այդ թվում նաև սոցիալական ոլորտում:
Արդեն մեկ շաբաթ է Իրաքի տարածքում չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները: Հաշվի առնելով, որ բողոքի ակցիաների մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներ են՝ իշխանությունները անմիջապես արգելափակել էին Facebook և WhatsApp սոցիալական ցանցերը՝ ցուցարարների ակտիվությունը կանխելու համար, սակայն մեծ հաշվով դա չբերեց դժգոհության ալիքի մարման: Ավելին, խաղաղ ցույցերը հաճախ վերաճում էին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց արդյունքում զոհերի թիվն արդեն գերացանցում է 100-ը, տուժել է ավելի քան 6 հազար մարդ: Սա ԻՊ դեմ հաղթանակից հետո Իրաքի պատմության ամենաարյունալի դրվագն է:
Ցուցարարները բողոքում են գործազրկության, կոռուպցիայի և հանրային ծառայությունների ցածր որակի դեմ: Թեև պետությունն ունի նավթային հարուստ պաշարներ, սակայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրները, որոնք առաջացել էին 2003 թվականի պատերազմից հետո, որևէ կերպ լուծել չի հաջողվում: եվ պատճառը ոչ միայն ահաբեկչության դեմ պատերազմում Իրաքի ներքաշվելն էր, այլև երկրում առկա կոռուպցիայի բարձր մակարդակը: Նման պայմաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակից և անվտանգության ոլորտում որոշակի կայունացումից հետո սոցիալ-տնտեսական խնդիրների առաջին պլան մղվելը միանգամայն սպասելի էր: Ուստի, այստեղ ինչ-որ ուժերի կողմից բողոքի ակցիաներն ուղղորդելու հավանականությունը շատ փոքր է, առավել ևս, որ որևէ ուժ չի ստանձնել ակցիաների կազմակերպման պատասխանատվությունը:
Փոխարենը, չի բացառվում, որ հանրային տրամադրություններն ինչ-որ փուլից սկսվեն օգտագործվել տարբեր ուժերի կողմից իրենց օրակարգն առաջ մղելու համար՝ այդ թվում նաև ծայրահեղական: Ուստի, երկրում բավականին մեծ գնով հաստատված հարաբերական կայունությունը պահպանելու համար Իրաքի իշխանություններին հարկավոր է ձեռնարկել խորքային և արագ արդյունք տվող բարեփոխումներ: