Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին փոխադարձ առևտրում վճարումներն ազգային արժույթներով իրականացնելու մասին համաձայնագիր:
Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել Է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ Է Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ ու իրավահավասար առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման համար:
ՌԴ և Թուրքայի միջև ապրանքաշրջանառությունը 2018 թ.-ին կազմել է ավելի քան 25 մլրդ դոլար (համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ աճը կազմել է 18,32%): Թուրքիան ՌԴ-ի համար 8-րդ առևտրային գոծընկերն է, Ռուսաստանը Թուրքիայի 2-րդ խոշոր գործընկերն է՝ ԵՄ-ից հետո:
Իրականում Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտրի իրականացման առաջարկն ունի տարիների պատմություն:
Դեռևս 2016 թ.-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց իր հանրությանը փոխել դոլարով պահուստները ոսկու և լիրայի: Էրդողանի այդ կոչը հաջորդեց լիրայի ռեկորդային անկմանը: Հենց այդ պահից սկսած թուրքական դիվանագիտության տարբեր խողովակներով պարբերաբար առաջարկություններ էին արվում ռուսական կողմին փոխադարձ առևտրաշրջանառությունն իրականացնել ազգային արժույթներով: Այդ ողջ ընթացքում թուրքական հակափաստարկների առանցքում ամերիկյան ճնշումների առկայությունն էր:
Այսօր թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին Ռուսաստանի հետ նմանատիպ պայմանագրի կնքումը կարող է ենթադրությունների տեղիք տալ, որ գործարքը զուտ տնտեսական բնույթի չէ:
Պետք է նշել, որ դոլարի համաշխարհային գնի վրա սա զգալի ազդեցություն չի թողնի, սակայն կարող է նախադեպ դառնալ, հատկապես հետխորհրդային երկրների և այն երկրների համար, որոնք Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության մեջ են: Հասկանալի է, որ նմանատիպ մեխանիզմներին անցումը կողջունվի նաև ամերիկյան սանկցիաների ներքո գտնվող երկրների կողմից՝ Իրանի և Չինաստանի:
Իհարկե, հաշվի առնելով միջազգային վճարային համակարգերի բարդ ու բազմաշերտ բնույթը, մոտ ապագայում նմանատիպ զարգացումների հավանականությունը ցածր է:
Իսկ ահա Ռուսաստանի ու Թուրքիայի համար այս համաձայնագրի օգտակարությունն ուղիղ համեմատական է այդ երկրների՝ մերթ ջերմացող, մերթ լարվող հարաբերություններին: