ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բանաձև ներկայացնել, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը: Այդ մասին հայտնել է Hill թերթը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Շումերը հայտարարել է, որ հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որի ընթացքում իրենք պայմանավորվել են, որ համատեղ բանաձև կառաջարկեն Թրամփի որոշման և Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ:
«Մենք համատեղ բանաձև կներկայացնենք, որը կոչ է անում նախագահին չեղարկել իր որոշումը, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի քրդերին պաշտպանելու համար, անհրաժեշտ ամեն ինչ արվի, որպեսզի փախչելու հնարավորություն չտրվի ԻՊ-ի ահաբեկիչներին, ինչպես նաև համոզվելու, որ Թուրքիան կատարում է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ունեցած համաձայնագրերը»,- նշել է Շումերը: