Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինելու խնդրին: ԱԳՆ մամուլի քարտուղարը, մասնավորապես, հիշեցրել է, որ որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել է չանել դա։ Աննա Նաղդալյանը նշել է՝ Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել այն քայլերից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են սպառազինությունների մրցավազքին եւ տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը, փոխանցում է news.am-ը:
Պատասխանելով ֆրանսիական մի շարք դատարանների որոշումների հարցին, որոնք չեղարկել են Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագրերը՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքները և դրանց իրականացումը պայմանավորված չեն կեցության տարածքի կարգավիճակով։
«Այդ դիրքորոշումը մենք հնչեցնում ենք բոլոր հարթակներում։ Այդ թվում դա վերաբերում է աշխարհի հետ ազատ հաղորդակցման իրավունքին»,- նշել է Նաղդալյանը։