Իսպանիայի Գերագույն դատարանն այսօր հրապարակել է Կատալոնիայի անկախացման շարժման առաջնորդների դատավճիռները: Ամենախիստ պատժին արժանացել է Կատալոնիայի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ Օրիոլ Ժունկերասը, նա դատապարվել է 13 տարվա ազատազրկման:
Եվս երկու հոգի դատապարվել են 9, իսկ մարզային խորհրդարանի նախկին նախագահը՝ 11 տարի, 6 ամիս ազատազրկման: Նրանք մեղադրվում են անհնազանդություն սադրելու և պետական միջոցները վատնելու մեջ:
Կատալոնիայի նախկին ղեկավարների նկատմամբ քրեական հատապնդումը մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 1-ին նախանշված Կատալոնիայի անկախացման հանրաքվեի և դրան ուղեկցող մեծամասշտաբ հանրահավաքների, հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի անկախության հռչակման պատճառով: Բարսելոնայում անկախական տրամադրությունների զարթոնքին պաշտոնական Մադրիդը ժամանակին շատ կոշտ արձագանքեց՝ ոստիկանական ուժեր ուղարկելով, ինքնավար մարզի կարգավիճակը ժամանակավորապես կասեցնելով և Մադրիդից ուղիղ կառավարում իրականացնելով, իսկ շարժման ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց:
Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնի նկատմամբ նույնպես հետախուզում սկսվեց, սակայն վերջինս ապաստան գտավ Բելգիայում:
Ուշագրավ է, որ Կառլես Պուչդեմոնն ու Օրիոլ Ժունկերասն այս տարվա մայիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ պատգամավոր ընտրվեցին՝ ստանալով Իսպանիային հատկացվող 54 մանդատներից երկուսը:
Կատալոնիայի նախկին առաջնորդների նկատմամբ դատավճիռների հրապարակումը, սպասվում է, որ նոր դժգոհությունների և ցույցի ալիք կբարձրացնի: Շատ կատալոնացիներ, որոնք իրենց հավասարապես թե՛ իսպանացի, թե՛ կատալոնացի են համարում և համոզված անկախականներ չեն, միանում են այս ակցիաներին, որովհետև չեն ընդունում պաշտոնական Մադրիդի անզիջում դիրքորոշումն ու կիրառվող կոշտ գործիքակազմը:
Ընդհանուր առմամբ, չնայած Իսպանիայի կառավարությանը հաջողվեց կանխել Կատալոնիայի անկախացումն ու վերականգնել վերահսկողությունը վերջինիս նկատմամբ՝ անզիջում մոտեցումն այս հարցում լրջորեն խաթարեց Բարսելոնայի և Մադրիդի հարաբերությունները՝ մշտապես արդիական պահելով անկախական տրամադրությունների ակտիվացման, լայնամասշտաբ բողոքի ակցիաների և նույնիսկ հստակ քայլերի հավանականությունը: Ճգնաժամից հետո ընտրված Կատալոնիայի անկուսակցական վարչապետ Ժոակին Տորրան էլ հայտարարեց Պուչդեմոնի գործը շարունակելու հաստատակամության մասին:
Ինքնորոշման իրավունքի շուրջ ծագող հակասությունների փորձը ցույց է տալիս, որ մայրաքաղաքների կոշտ արձագանքը նման նկրտումներին հանգեցնում է դրանց արմատավորմանն ու սրմանը:
Օրինակ՝ Շոտլանդիայի և Լոնդոնի հարաբերությունները զարգացան այլ սցենարով. Միացյալ Թագավորության կառավարությունը թույլ տվեց Ուելսին անկախության հանրաքվե անցկացնել, նույնիսկ կնքվեց համապաստախան պայմանագիր երկու կողմերի միջև, սակայն շոտլանդացիներն ընտրեցին Թագավորության կազմում մնալու տարբերակը:
Հակառակին ականատես եղանք Արցախյան հակամարտության պարագայում: Ուժի դիմելով և պատերազմ սանձազերծելով՝ Ադրբեջանը մեկընդմիշտ զրոյացրեց Արցախն իր կազմում պահելու հավանականությունը, և այսօր Արցախի ինքնորոշումն, առաջին հերթին, ֆիզիկական գոյության, անվտանգության հարց է: