Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ուսուցման մեթոդների բազմազանությունը հաճախ ծնողներին շփոթմունքի մեջ է գցում. ո՞րն ընտրել, արդյո՞ք երեխան պետք է երեք տարեկանում գրել, կարդալ և հաշվել իմանա, թե՞ դա ավելորդ շտապողականություն է, ինչպե՞ս բացահայտել՝ ի՞նչ է ուզում հենց ինքը՝ փոքրիկը: Այս հարցերում երեխաների ուսուցման «Վալդորֆյան» մեթոդն առաջարկում է առաջնորդվել «ամեն ինչ իր ժամանակին» սկզբունքով:
Մանկավարժության Վալդորֆյան ուղղությունը ձևավորվել է նախորդ դարի սկզբին, հիմնադիրը Ռուդոլֆ Շտայներն է: Վերջինիս կարծիքով՝ երեխայի առողջ զարգացման համար անհրաժեշտ են ծնողների և մանկավարժների համբերատար վերաբերմունքն ու երեխայի պահանջներին համահունչ քայլելը: Փոքրիկը պիտի բացահայտի արտաքին աշխարհը քայլ առ քայլ՝ վստահելի ու հաճելի միջավայրում: Շտայները վստահ էր, որ երեխաները մեծանում են կրկնօրինակելով, փորձելով նմանվել՝ նախ ծնողին, ապա՝ ուսուցչին, դաստիարակին: Եվ չափազանց կարևոր է, որ ծնողն ու ուսուցիչը լինեն հանգիստ ու հավասարակշիռ:
Վալդորֆյան մանկապարտեզը մեծ ընտանիքի մոդելով է: Խմբերում չկա բաժանում տարիքային կամ որևէ այլ չափանիշի հիման վրա: Ի տարբերություն սովորական մանկապարտեզների՝ այստեղ Ձեր փոքրիկին չեն սովորեցնի գրել, կարդալ, հաշվել, բանաստեղծություններ անգիր անել: Վալդորֆյան մեթոդը դեմ է մինչև 7 տարեկանը (դպրոցական հասակը) երեխային նման զբաղմունքներով ծանրաբեռնելուն: Փոխարենը երեխաների մոտ զարգացնում են էմոցիոնալ ընկալումները՝ հեքիաթների և ստեղծարար աշխատանքների միջոցով: Երեխաները երգում են, նկարում և թղթից, կավից ու թելերից տարբեր իրեր պատրաստում: Վալդորֆյան մանկապարտեզի նպատակը երեխայի անձի բացահայտումն է:
Նույն նպատակը հետապնդում է նաև Վալդորֆյան դպրոցը: Ի տարբերություն մանկապարտեզի՝ դպրոցի պարագայում մեթոդի առանձնահատկությունները շատ ավելի ակնառու են: Վալդորֆյան ուսուցչի խնդիրն ուսումնառության ողջ ընթացքում նպաստելն է, որ երեխայի մեջ բացահայտվեն երեք հիմնական որակները՝ տարրական դասարաններում՝ կամքը, միջին դպրոցում՝ զգացմունքները և ավագ դպրոցում՝ մտածողությունը: Այստեղ առաջնորդվում են մի սկզբունքով՝ երեխային պետք չէ շտապեցնել, պետք է քայլել նրա կարողություններին համահունչ՝ անելով ամենը դրանք զարգացնելու համար:
Այսօր աշխարհում երեք հազարից ավել Վալդորֆյան դպրոց ու մանկապարտեզ կա: Եվ չնայած այն տարածված կարծիքին, որ Վալդորֆյան դպրոցն ավարտած երեխաներն իրենց գիտելիքներով չեն համապատասխանում բուհ ընդունվելու պահանջներին, տարեցտարի ավելի ու ավելի շատ ծնողներ են իրենց երեխաների կրթությունը վստահում հենց Վալդորֆյան մանկավարժությանը: