Կատալոնիայի անկախության կողմնակիցները տարբեր քաղաքներից ուղևորվում են Բարսելոնա: Նպատակը հոկտեմբերի 18-ի համընդհանուր գործադուլին մասնակցությունն է, որը կազմակերպվել է կատալոնցի քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռներից հետո: Երթի կադրերը ցուցադրում է 24 Horas հեռուստաալիքը:
Այսպես կոչված «Ազատության երթն» ընթանում է Կատալոնիայի ազգային վեհաժողով և Omnium Cultural հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, որոնց առաջնորդներ Ժորդի Սանչեսը և Ժորդի Կուիշարը Գերագույն դատարանի կողմից ինը տարվա բանտարկության են դատապարտվել անկախության հանրաքվեի կազմակերպմանը մասնակցելու պատճառով:
Ակցիան պաշտպանել է «Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» արմատական կազմակերպությունը:
Երեք օրվա ընթացքում շարասյուները պետք է անցնեն մոտավորապես 100 կիլոմետր:
Կատալոնիայում բողոքի ակցիաներն սկսվել են հոկտեմբերի 14-ին: Հոկտեմբերի 15-ի երեկոյան և լույս 16-ի գիշերը դիմակայության էպիկենտրոնը դարձել է Բարսելոնայի կենտրոնական շրջանը, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, արմատականները բարիկադներ էին կառուցում ու հրկիզում դրանք: Ընդհարումներ են տեղի ունեցել նաև Տարագոնայում, Լերիդայում և Ժիրոնայում: