Բրյուսելում ընթացող ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու չափորոշիչների շուրջ 12 ժամից ավելի տևած բանակցություններից հետո մնում են բազմաթիվ չլուծված հարցեր: Այս մասին այսօր Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է միգրացիայի, քաղաքացիության և ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Brexit-ի հարցով գլխավոր բանակցող Միշել Բարնիեն Եվրահանձնաժողովի կոլեգիային տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններում իրավիճակի մասին: Տեխնիկական բանակցություններն ընթացել են երեքշաբթի մինչև խոր գիշեր և դեռևս շարունակվում են: Բանակցությունները կառուցողական են, սակայն բազմաթիվ լուրջ խնդիրներ են մնում, որոնք պետք է լուծվեն: Բանակցություններից հետո Բարնիեն կտեղեկացնի ԵՀ Մշտական ներկայացուցիչների կոմիտեին և Brexit-ի հարցով ԵԽ աշխատանքային խմբին»,- ասել է եվրահանձնակատարը:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ «լուրջ տարաձայնություններ են մնում մաքսային խնդիրներով, առևտրի հարցերով և Brexit-ից հետո ազատ առևտրի մասին կողմերի միջև համաձայնագրերի կնքման կարգի շուրջ»: «Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը հետագա շտկման կարիք ունի: Եթե դա չկատարվի, համաձայնությունն անհնար է»,- ասել է մեկ ուրիշ դիվանագետ: