Հոկտեմբերի 15-ին կայացավ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցը Հայաստան, որի շրջանակներում Վրաստանի նորանշանակ վարչապետը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Ինչպես բնորոշ է հայ-վրացական հարաբերություններին, այս բանակցությունները ևս անցել են բավականին ջերմ մթնոլորտում: «Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Սակայն Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում հայ-վրացական հարաբերությունների նոր մակարդակը դեռևս արտահայտվում է բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակի դառնալով: Այս համատեքստում հետաքրքիր է Վրաստանի վարչապետի դիտարկումը, որ «չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք»:
Երևանում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են առևտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի: Նրանք կարևորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը առանձնակի շեշտել են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող, մասնավորապես՝ Գոգավան-Գուգութի և Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման աշխատանքների կարևորությունը: Փաշինյանն ու Գախարիան նաև անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների` կարևորելով միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։
Սակայն բանակցություններն ավարտվեցին առանց կոնկրետ պայմանավորվածությունների, ավելին` կողմերը նույնիսկ, առնվազն հրապարակայնորեն, չանդրադարձան ընդամենը մի քանի օր առաջ` հոկտեմբերի 11-ին, Epress.am-ի լրագրողների մուտքը Վրաստան արգելելու հարցին:
Գախարիայի պաշտոնական այցի արդյունքներով հստակ պայմանավորվածությունների բացակայությունը բացատրելը այցի ճանաչողական բնույթով, հաշվի առնելով, որ Գախարիան նոր է ստանձնել Վրաստանի վարչապետի պաշտոնը, մի կողմից ընկալելի է, սակայն մյուս կողմից հայ-վրացական հարաբերությունների դինամիկան չպետք է պայմանավորված լինի երկու երկրներում իշխանության ներսում տեղի ունեցող վերադասավորումներով, ինչը Վրաստանում վերջին տարիներին պարբերական բնույթ է կրում: