Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար 20 մլն դոլարի ներդրում կարվի: Այս մասին հայտարարել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն՝ ընդգծելով նաև, որ Հայաստան եկող իռլանդական Ryanair ավիաընկերությունը մեծ շահույթ կբերի երկրին, հաղորդում է Aysor.am-ը:
«Մեզ համար շատ կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա։ Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում, հիմա ներդրումները սկսվում են», - ասել է նա։
Նույն ասուլիսի ընթացքում Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ'Բրայանը հայտարարել էր, որ 2020 թվականից իռլանդական լոուքոսթերը կսկսի թռիչքներ Հայաստանից: Նախատեսվում են չվերթներ՝ Երևանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին, և Գյումրիից՝ Մեմինգեն:
«Շիրակը» գործում է 1961 թվականից և Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանն է: Այն գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: