Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացերի շարքում: CNN-ը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է, փոխանցում է Արմենպրեսը:
CNN-ն առանձին-առանձին ներկայացրել է Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Կանադայի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի, ինչպես նաև Հայաստանի և շատ այլ երկրների ազգային հացերը:
«Գերմանիայի Վեսթֆալիա շրջանում հացթուխները մի քանի հաց են թխում 24 ժամվա ընթացքում, իսկ ահա ցորենի ալյուրից պատրաստված հայկական լավաշը գեղեցիկ տեսք է ստանում 30 վայրկյանում թոնրի ներսում»,-նշել է հոդվածագիրը:
Հոդվածում հեղինակը ներկայացնում է լավաշը թխելու գործընթացը և նշում, որ դրանում անհրաժեշտ է ընկերների օգնությունը:
«Երբ ձեր հայ սկեսուրը մոտենում է հացը ձեռքին, մի զարմացեք: Լավաշը նորապսակներին է տրվում, որը խորհրդանշում է առատություն ու բարեկեցություն: Լավաշը պատրաստելու գործընթացը պահանջում է ընկերների մասնակցություն: Այս ավանդական հացը թխելիս հավաքվում են կանայք, պատրաստում են խմորը, համապատասխան բարձի վրա բարակ ու լայն բացված խմորը ուժգին հարվածով ամրացնում են նախապես տաքացված թոնրի մեջ»,-նշել է հոդվածի հեղինակն՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ վարպետություն է պահանջվում:
Լավաշը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից է, այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: