Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Փայլանը նշել է, որ այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, դա տեղահանություն է և ցեղասպանության փորձ՝ ըստ ՄԱԿ-ի սահմանումների:
«Ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է: Իսրայելն էլ նույն փաստարկներով զավթում է Պաղեստինի տարածքները»,-ասել է Փայլանը:
Փայլանի այս ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել խորհրդարանի իշխող կուսակցության և վերջինիս հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ), ինչպես նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության խմբակցություններում: