Հազարավոր ցուցարարներ հոկտեմբերի 17-ին դուրս են եկել Բեյրութի փողոցներ իրենց անհամաձայնությունը հայտնելու Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության հարկային քաղաքականության հետ: Ինչպես տեղեկացնում է Al Mayadeen հեռուստաալիքը, զանգվածային դժգոհության պատճառներից մեկը եղել է WhatsApp հավելվածի համար ամսական 6 դոլար հարկ սահմանելու իշխանությունների որոշումը:
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Բեյրութի փողոցները, ինչպես նաև մայրաքաղաքը երկրի հարավային և հյուսիսային շրջանների հետ կապող ավտոճանապարհները, ինչպես նաև դեպի Դամասկոս ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղին: Մի շարք վայրերում ակտիվիստները վրանային ճամբարներ են կազմել ավտոճանապարհներին:
Ավելի ուշ Լիբանանի անվտանգության ուժերն արցունքաբեր գազ և ռետինե մահակներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Հաղորդվում է, որ իրավապահների հետ բախումների ժամանակ տուժել է 70 մարդ:
Բողոքի ակցիաների ֆոնին Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Մուհամմեդ Շուքրին հայտարարել է WhatsApp հավելվածի համար հարկ սահմանելու որոշումը չեղարկելու մասին: